Զրուցակիցս «Hagobian Gallery»-ի հիմնադիր և հավաքորդ, հայ կերպարվեստի հանրահռչակող ՌՈԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆՆ է։
- Պարոն Հակոբյան, «Hagobian Gallery»-ի ստեղծման շարժառիթներին արդեն ծանոթ ենք։ Այս պահին գալերեան ի՞նչ նոր քայլեր է կատարում համաշխարհային կերպարվեստի ոլորտ դուրս գալու համար։
- Նշեմ, որ «Hagobian Gallery»-ն այսօր ընդլայնում է իր գործունեությունը․այն ոչ միայն կերպարվեստի (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա)ոլորտում է գործունեություն ծավալում, այլ՝ ընդհանուր մշակույթի։ Մեր քայլերն այժմ ուղղված են Հայաստանը համաշխարհային մշակութային կենտրոն դարձնելուն։ Հայաստանը մշակույթի օրրան է և մենք ցանկանում ենք նախ տարբեր մշակույթներ ներառել մեր երկրում, այնուհետև ամրապնդվել միջազգային հարթակներում։
- Դուք, ըստ էության կատարում եք շատ մեծ, համարձակ, հեղափոխական քայլ, որի կարիքը Հայաստանում շատ խիստ է զգացվում, առավել ևս հիմա։ Մեր մշակույթն աշխարհում գրեթե ճանաչված չէ։ Այսինքն Ձեր նպատակը շատ հեռանկարային է։ Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ ընկալում այն կունենա Հայաստանում։
- Մեր երկրում հին մտածելակերպով մարդիկ շատ են, ովքեր ժամանակի պահանջներին համահունչ չեն զարգանում և գաղափարը ընկալել հնարավոր է չկարողանան։ Բայց դա ժամանակի հարց է: Պետք է հասկանալ, որ համագործակցությունները մեր օգտին են։ Տարբեր ազգերի մշակութային գործիչները պետք է փոխգործակցեն, պետք է կատարվի մտքերի, փորձի փոխանակում և այլն։ Այս ամենի արդյունքում մեր մշակութային ոլորտն ավելի աշխույժ ու հետաքրքիր կդառնա։
-Այսինքն ձեր պատկերասրահը պատրաստվում է իր շուրջը համախմբել, ներառել մարդկանց, որոնք պատրաստ են Հայաստանը դուրս բերելու միջազգային ասպարեզ:
-Այո։ Նշեմ, որ մեկ ամիս առաջ մենք Հնդկաստանից հրավիրել էինք բոլլիվուդյան աստղ, պրոդյուսեր Ջան Նիսսառ Լոնին։ Իմ լավ ընկեր, միջազգային դիպլոմատիկ ակումբի նախագահ Սերգեյ Դվարյանովի հետ նա Հայաստանում էր և սիրահարվել էր մեր երկրին, մեր բնությանը։ Աստղը նշեց, որ մենք՝ երկու ազգերս նման ենք իրար թե՛ մշակութային մտածելակերպով, թե՛ ամեն քայլով։ Մեր պատկերասրահում նա «Սիրո դիմանկար» վերնագրով սիրային տեսահոլովակ նկարահանեց, որի պրեմիերան շուտով կլինի։ Նա հուլիսին՝ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, գալու է Հայաստան։ Դուբայից այստեղ էր եկել հայտնի ռեպեր Calem OG-ն։ Վերջինս, իմանալով, որ Հայաստանն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը, շատ ոգևորվեց և հետաքրքրվեց մեր երկրով։ Մենք համագործակցեցինք․ նա Գեղարդում տեսահոլովակ նկարահանեց։
Օպերային երգչուհի, «Միսս սուպերմոդել Ռուսաստան» Դարիա Ստարցևայի հետ նույնպես համագործակցել ենք, տեսահոլովակ նկարահանել։
Այսինքն, ինչպես տեսնում եք, մենք միայն կերպարվեստի ասպարեզում գործունեություն ծավալելով չենք սահմանափակվում։
- Այժմ Ձեր նախաձեռնած ամենամեծ նախագիծը ներկայացրեք։
- Մենք պատրաստվում ենք «Աբու Դաբի-Դուբայ-Շարժա» ցուցահանդես կազմակերպել պետական մակարդակով, նոր տեխնոլոգիաներով և արվեստին նոր շունչ տալու մտադրությամբ։
Նաև Հնդկաստանի մշակութային կենտրոնն ենք նախատեսում Հայաստանում բացել։ Հնդկաստանը, ինչպես գիտեք, մեզ բարեկամ երկիր է։ Հուլիսին մշակութային գործիչներ, տարբեր ներդրողներ (ինվեստորներ) ենք ընդունելու այդ հեռավոր, սակայն մեզ շատ հարցերում էականորեն մոտ երկրից։ Օգոստոսին ընդունելու ենք հյուրեր Դուբայից և կազմակերպելու «Դուբայի օրերը Երևանում» մշակութային ֆորում։
Իտալացի հայտնի դիզայներ Ռոբերտո Բիաջինիի հետ մենք արդեն համագործակցել ենք Երևանում, համագործակցությունը շարունակվելու է Իտալիայում` մշակութային մեծ միջոցառման շրջանակներում։ Ֆլորենցիայի ձիարշավարանում համատեղ ցուցադրվելու են Բիաջինիի գործերը, կերպարվեստի վարպետ Եկատերինա Վալեանու-Վերտիսի աշխատանքները։ Եվ այս ամենը՝ օպերային ճանաչված երգիչների մասնակցությամբ։
- Այսինքն, այս ամենը Հայաստանը համաշխարհային մշակութային օրրան դարձնելու ծրագրի շրջանակների մեջ է մտնում:
- Այո, Հայաստանը պետք է դառնա մշակութային օրրան։ Պետք է Հայաստանն ու հայկականությունը դառնան համաշխարհային քաղաքակրթության, մշակույթի և արվեստի անբաժանելի մաս։ Մենք աշխարհին գրեթե անծանոթ ենք, ինչը և՛ երեկ, և՛ հատկապես այսօր օգտագործում են թշնամի երկրները, խեղաթյուրելով հայ պատմությունը, մշակույթը և արվեստը։
Նշեմ նաև, որ մենք ճանապարհ ենք բացում երիտասարդ ստեղծագործողների համար․ մեզանում շատ են տաղանդավոր արվեստագետները, ովքեր հնարավորություն չունեն ցուցադրվելու։ Բնականաբար նաև զարգանալու։
-Ինչպե՞ս է այս ամենը մատուցվելու հասարակությանը։ Շատ կարևոր է, որ մեր օրերի մարդը ընկալի նորը։
- Մշակույթը փափուկ ուժ է, որի միջոցով պետք է ազդել մարդկանց վրա, կրթել նրանց։ Մեր ինքնատիպ մշակույթը պահպանելով, այն երբեք չկորցնելով, մենք պետք է ընդունենք նաև ուրիշներինը։
-Համագործակցու՞մ եք արդյոք դրսի հայ կոլլեկցիոներների, գալերիստների, հիմնադրամների հետ։
-Այո, համագործակցություններ կան։ Բայց կարևորն այն է, որ սերտ համագործակցում ենք նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին մշակութային ժառանգության ամենահզոր պահապանն է և պատվարը։
Այսպիսով, մենք գործում ենք։ Խոսքը անցնում, գնում է, գործն է, որ մնում է մարդուց հետո:
Զրույցը վարեց արվեստաբան
Սիլվիա ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ